ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

«Տառապատկերները հոգու խաղ են, և ես խաղում եմ ներքին մղումով»

«Տառապատկերները հոգու խաղ են, և ես խաղում եմ ներքին մղումով»
28.05.2013 | 01:41

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում վերջերս տեղի ունեցած «Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը, այն է` տիտղոսի փոխանցում Երևանից Բանգկոկին, իր «Տես քեզ հայերեն» նախագծով ներկա էր նաև հայ արվեստագետ, երիտասարդ դիզայներ ՍԱՇԱ ՂԱԼԵՉՅԱՆԸ կամ, ինչպես հայտնի է նա արվեստի ասպարեզում, Առնո Կուռը:

Բացառիկ արվեստի գործերի հեղինակը, ով վրձին-յուղաներկի փոխարեն օգտագործում է մեսրոպյան այբուբենի տառերը, կերտում է հայ և այլազգի նշանավոր մարդկանց դեմքերը: Ճիշտ ընտրված տառատեսակը թույլ է տալիս նրան ստեղծել ցանկացած պատկեր: Մեսրոպատառ են Շեքսպիրի, Պիկասոյի, Պագանինիի, Տոլստոյի, Գոգոլի, Վերդիի, Պավարոտիի, Պուշկինի, Մոցարտի, Բոնապարտի և այլ հայտնի մարդկանց դիմանակարները:
«Տես քեզ հայերեն» նախագծով Առնո Կուռը մասնակցել է տարբեր երկրներում կազմակերպված ցուցահանդեսներին` ներկայացնելով Հայաստանը: Նշանավորներից է 2012 թվականին Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում անցկացված գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որտեղ հայկական տաղավարը զարդարում էին Առնո Կուռի ստեղծագործությունները:
«Ես հենց այնպես տառերին չեմ նայում, ես այդ պահին մտածում եմ` ի՞նչ կարող է դառնալ այս տառը: Ազատ, անկեղծ խաղ եմ անում ու հանկարծ տեսնում եմ՝ ստացվեց ինչ-որ հետաքրքի բան: Եթե ես նստեմ և մտադրված փորձեմ ինչ-որ բան պատկերել, չի ստացվի: Սա հոգու խաղ է, և այս դեպքում խաղում եմ ներքին մղումով»,-ասում է արվեստագետը, ում համար ամենակարևորն այս արվեստում տառերի ձևը պահպանելն է, ինչպես ինքն է ասում` «չդեֆորմացնելը»:
Մեսրոպյան զարմանահրաշ տառերի հանդեպ հետաքրքրություն Առնոն ցուցաբերել է շատ վաղ տարիքից.«Ես ներշնչվել եմ հայկական ձեռագիր մատյաններով: Փոքր էի, երբ առաջին անգամ գնացի Մատենադարան, ուշի-ուշով դիտեցի մաշտոցյան գրերը, մագաղաթները:
Ինձ գրավեցին հատկապես միջնադարյան հայ ծաղկողների տառերը: Նրանք կարծես նկարում էին, և ամեն մի տառն ինձ համար մի
կերպար էր ներկայանում: Ես երևակայությամբ փորձում էի անել նույնը: Փորձեցի նրանց մոտեցումը ժամանակակից արվեստում և ստացվեց»,-պատմում է Առնո Կուռը և հիշում իր կյանքի անմոռանալի իրադարձություններից մեկը, ինչը սերտորեն կապված է այսօրվա իր արվեստի ծնունդի հետ.«Ինձ միշտ մտահոգել է հայոց լեզվի ճակատագիրը, մարդկանց անփույթ վերաբերմունքը: Տեսնում էի, որ մեր լեզուն աղավաղվում է, իսկ իշխանությունները ոչինչ չեն անում՝ հասարակության մեջ սեր, հոգատարություն արթնացնելու ուղղությամբ: Եվ մի անգամ, մոտ վեց տարի առաջ, ես որոշեցի նամակ գրել Մեսրոպ Մաշտոցին ու գանգատվել տիրող կարգերից: Նամակում խնդրեցի, որ մեր փոխարեն գոնե նա պահի-պահպանի, հոգ տանի մեր լեզվի մասին: Եվ ահա, մի խումբ ակտիվիստներով, Երևանից ոտքով գնացինք Օշական և նամակը «հանձնեցինք Մաշտոցին»: Հենց այդ մտահոգությունից էլ ծնվեց այս գաղափարը, և ես որոշեցի առարկայական մի բան անել: Իհարկե, այդ քայլը քարոզչական նպատակ ուներ, մինչդեռ ոգեշնչվածությունը իմ մեջ խորը ակնածանք առաջացրեց հայկական տառերի հանդեպ»: Առնո Կուռը փորձել է պատկերներ ստեղծել նաև լատինական այբուբենի տառերով, առաջարկներ նույնպես եղել են, բայց չի զգացել այդ տառերն այնպես, ինչպես մաշտոցյան գիրը: «նրանք օտար են ինձ, չեմ ուզում կեղծ լինել ինքս ինձ հետ»,-անկեղծանում է զրուցակիցս:
Մայիսի 18-ին՝ «Թանգարանային գիշեր» երևանյան միջոցառման ժամանակ, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանի ցուցասրահում մի քանի գործեր էր ներկայացրել նաև տառապատկերների հեղինակը: Թե ինչպիսին է հայ հասարակության վերաբերմունքը մեսրոպատառ արվեստի նկատմամբ, վերջինս այսպես պատասխանեց. «Հայը երբեք չի հիանում հայի արվեստով, օտարն ավելի հետաքրքրասեր է: Մեզ պակասում է ընդհանուրի, մեծամասնության հետաքրքրասիրությունը: Հայերը ոգևորվում, ուրախանում և հպարտանում են անձնական հաջողություններով միայն, ինչը, ըստ իս, սխալ է»:
Նշենք, որ Առնո Կուռը պատրաստվում է իր հերթական ցուցահանդեսին, որը տեղի կունենա Լիտվայում:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .

Տեսանյութ

Մեսրոպ Մաշտոց: Առնո Կուռ
Դիտվել է՝ 6682

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ